ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը

Ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը
05.06.2009 | 00:00

«ՖԱՅՆԵՆՇԼ ԹԱՅՄԶ»-Ը ՍԱԴՐՈՒՄ Է
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ«Կալիֆոռնիա Կուրիեր»-ի հրատարակիչ

«Հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի միջև «ճանապարհային քարտեզի» շուրջ ձեռք բերված համաձայնությունը շատ լավ նորություն է: Նրանց պատմական թշնամանքը` սկսած փլուզվող Օսմանյան կայսրությունում 1915 թ. հայերի սպանդից և զանգվածային տեղահանումից, ապակայունացրել է տարածաշրջանը, թունավորել ներքին քաղաքականությունը, մեկուսացրել և աղքատության մատնել Հայաստանը և ստվերել Եվրոպայի ու Ամերիկայի հետ Թուրքիայի հարաբերությունները: Այսօր վերքերն ապաքինել սկսելու հնարավորություն կա:
Թուրք-հայկական հաշտության գործընթացը, սակայն, շարունակում է մնալ փխրուն և չարչրկված` անվստահության պատճառով: Երկու կողմերն էլ դեռ շատ փոքր քայլերով են առաջ շարժվում, և երկուսն էլ, ընդհանրապես, որևէ զիջում անելու հարցում ուժեղ դիմակայության են հանդիպում իրենց երկրներում:
Համաձայնագիրը ենթադրում է դիվանագիտական ճանաչում և սահմանի վերաբացում, որը Թուրքիան փակեց 1993-ին, երբ էթնիկ հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին հարևան Ադրբեջանում գտնվող Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Երկու քայլերն էլ պետք է իրականացվեն աստիճանաբար` վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դա խելամիտ է:
Այդուհանդերձ, երկու կարևոր հարցի շուրջ դեռևս անորոշություն կա: Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով` հետաքննելու 1915 թվի իրադարձությունները: Ինչպե՞ս պետք է ձևավորվի և ինչպե՞ս պետք է գործի այն: Եթե այն որոշի, որ կոտորածներն իսկապես ցեղասպանություն են եղել կամ չեն եղել, որոշումն ամեն դեպքում քաղաքականապես պայթյունավտանգ կլինի, մինչև կողմերը համաձայնության չգան արդյունքներն ընդունելու վերաբերյալ: Երկրորդ. ի՞նչ առաջընթաց պետք է գրանցվի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, որպեսզի Թուրքիան ամբողջությամբ վերաբացի սահմանը:
Թվում է` և՛ Անկարան, և՛ Երևանը լրջորեն մտադրված են առաջընթաց գրանցել` չնայած գոյություն ունեցող ընդդիմությանը, այդ թվում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ազդեցիկ հայկական սփյուռքի կողմից: Սակայն նրանց վրա Վաշինգտոնի, Բրյուսելի և, ամենակարևորը, Մոսկվայի գործադրած ճնշումը` ավելի մեծ առաջընթացի հասնելու և հստակ ժամանակացույց սահմանելու պահանջով, շարունակում է մնալ շատ կարևոր:
Միակ երկիրը, որը կարող է փորձել տապալել առաջընթացը, Ադբեջանն է, որը մտավախություն ունի, որ սահմանի վերաբացումը կարող է ազատել Հայաստանին Ղարաբաղի հարցով համաձայնագիր կնքելու կամ գոնե բուֆերային գոտուց (որտեղ 500000 ադրբեջանցի փախստական էր ապրում) դուրս գալու պարտադրանքից: Սակայն 19 տարվա փակ սահմանը ոչ մի կերպ չի արագացրել այդ հարցի շուրջ համաձայնագրի կնքումը: Հակամարտության բոլոր կողմերին էլ ձեռնտու է ոչ թե առճակատումը, այլ հաշտությունը»:
Հեղինակավոր «Ֆայնենշլ Թայմզ»-ում հրապարակված այս հոդվածի ոգին խիստ թուրքամետ է, այն ծառայեցված է որպես հարթակ` թուրք-ադրբեջանական թեզերը երկրորդելու և ՀՀ-ին ներկայացվող նրանց աննահանջ ու ագրեսիվ նախապայմաններն իբրև կնճռոտ հարցերի լուծման միակ և «փոխզիջումային տարբերակներ» քարոզելու նպատակով: Ցեղասպանության և արցախյան հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ զիջումներ կատարելու մասին «Ֆայնենշլ Թայմզ»-ի հորդորները և գրեթե բացահայտ պահանջներն ու նույնիսկ սադրանքներն ուղղված են միմիայն հայկական կողմին: Ոչինչ չի ասվում այն մասին, թե Թուրքիան ու Ադրբեջանն ի՞նչ իրական զիջումների են պատրաստ, և թե անվտանգության ի՞նչ իրական, առարկայական երաշխիքներ են առաջարկվում հայկական կողմին` վերջինիս անհիմն, պարտվողական զիջումների գնալու պատրաստակամության, հիմա արդեն նույնիսկ` համաձայնության դիմաց: Սա վկայում է այն մասին, որ այդպիսի պատրաստակամություն ու երաշխիքներ, ինչպես նաև երրորդ կողմից Թուրքիային ու Ադրբեջանին ներկայացվող նմանատիպ պահանջներ գոյություն չունեն:
Հոդվածում դարձյալ խիստ կողմնակալ ու թռուցիկ անդրադարձ է արվում արցախյան հիմնահարցի էությանը, պատճառներին ու պատմությանը` անուղղակի արդարացնելով Հայաստանի ու Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ռազմատնտեսական համակարգված ագրեսիան: Նշվում է միայն պատերազմական գործողությունների ընթացքում տեղահանված ադրբեջանցիների և Ադրբեջանի, իբր, կորցրած տարածքների մասին` առանց վկայակոչելու Ադրբեջանի կողմից պատերազմը սանձազերծելու, Ադրբեջանում և Արցախում հայերի կազմակերպված ջարդերի, Արցախից բռնագաղթած բազմահազար հայ փախստականների և հայկական հողերի` Ադրբեջանի կողմից բռնազավթման փաստերը:
Խոսելով պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին` «Ֆայնենշլ Թայմզ»-ը գրում է. «Եթե հանձնաժողովը որոշի, որ կոտորածներն իսկապես ցեղասպանություն են եղել, կամ չեն եղել, որոշումն ամեն դեպքում քաղաքականապես պայթյունավտանգ կլինի, մինչև կողմերը համաձայնության չգան արդյունքներն ընդունելու վերաբերյալ»:
Փաստորեն, Հայկական հարցում վաղուց արդեն Թուրքիայի խոսափող դարձած հերթական արևմտյան լրատվամիջոցը հայկական կողմին ակնարկում է այն մասին, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի նախապայմանն ընդունելը դեռ բավարար չէ, Հայաստանը պետք է նաև նախապես համաձայնություն տա, որ կընդունի այդ հանձնաժողովի վերջնական եզրակացություններն ու որոշումները, նույնիսկ եթե դրանք հերքեն Ցեղասպանության իրողությունը: Սա էլ հենց այդ հանձնաժողովը ստեղծելու գլխավոր նպատակն է: Այս հորդորը կարելի է, թերևս, որակել Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող լրացուցիչ նախապայման` որպես պատմաբանների հանձնաժողով ստեղծելու նախապայմանի մաս:
«Ֆայնենշլ Թայմզ»-ը, թերևս, սադրում է հայկական կողմին, երբ հայ-թուրքական սահմանի բացումը (ինչը հոդվածում պետք է որակվեր առնվազն որպես Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացում) կապում է արցախյան հարցում միակողմանի զիջումներ կատարելու Հայաստանի պատրաստակամության դրսևորման հետ: Աղբյուրը գրում է. «Ի՞նչ առաջընթաց պետք է գրանցվի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, որպեսզի Թուրքիան ամբողջությամբ վերաբացի սահմանը»:
Սա ևս մեկ վկայություն է այն մասին, որ արցախյան հարցում «առաջընթաց» գրանցելու (ասել է թե` միակողմանի կործանարար զիջումներ կատարելու)` հայկական կողմին ներկայացվող նախապայմանը հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի օրակարգային խնդիրն է, իրողություն, որը ոչ համոզիչ կերպով հերքում է միայն հայկական կողմը, մինչդեռ դրա մասին փաստում են բոլոր մյուս կողմերը` ներառյալ թուրք-արևմտյան լրատվական-վերլուծական աղբյուրները։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
«Արտասահմանյան մամուլի տեսություն» էջից

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ